Այս երկրավոր կյանքը մեզ տրված է ոչ թե նրա համար, որ ապրենք մեր հաճույքի համար և ինչպես մենք ենք ցանկանում, այլ որպեսզի աշխատենք, Աստծուն հաճելի լինենք և բերենք Նրան այն պտուղները, որ Նա է մեզնից սպասում:
Այս պարզ ճշմարտությունը արտահայտում է ավետարանական առակը անպտուղ թզենու մասին: Մի մարդ խաղողի այգի ուներ, որտեղ տնկած էր նաև մի թզենի: Թզենին պտուղ չտվեց մի քանի տարի շարունակ: Եվ տանտերը ասաց այգեպանին. «Կտրի՛ր այն, ինչո՞ւ իզուր տեղ է զբաղեցնում»: Սակայն այգեպանը սիրում էր իր ծառերը և սկսում է համոզել տանտիրոջը. «Համբերիր ևս մեկ տարի, ես հողը կփխրացնեմ ու կպարարտացնեմ, և կտեսնենք. կարող է սրանից հետո պտուղ բերի: Իսկ եթե ոչ, մեկ տարուց կկտրես այն»: Այս առակը ունի մի քանի իմաստներ: ՈՒղղակի ավետարանական իմաստով այն վերաբերում է իսրայելացի ժողովրդին, որը ներկայացված է այստեղ թզենու տեսքով:
Սակայն այն կարող է ունենալ նաև այլ մեկնաբանություն, որի համաձայն խաղողի այգին Քրիստոսի Եկեղեցին է, իսկ թզենին` Եկեղեցու յուրաքանչյուր անդամը, յուրաքանչյուր քրիստոնյան: Այգու տերը Հայր Աստվածն է: Այգեպանը Քրիստոսն է: Այսպիսով, այս առակը մեզ է վերաբերում: Մեզնից յուրաքանչյուրը Աստծո այգում` Եկեղեցում տնկված թզենի է: Ինչպես որ ծառից պահանջվում է պտուղներ տալ տիրոջը, այդպես էլ մեզնից Տերը սպասում է, որ բերենք Նրան այն պտուղները, որի համար Նա մեզ ստեղծեց և բերեց Իր Եկեղեցու մեջ: Պտուղների տակ պետք է հասկանալ քրիստոնեական առաքինությունները. սեր Աստծո և մարդկանց հանդեպ, գթասրտություն, հեզություն, խոնարհություն, մեծահոգություն, արիություն, առատաձեռնություն: Եթե մենք բերում ենք այս պտուղները, ապա Տերը ուրախանում է մեզ համար, ինչպես այգու տերը` նայելով գեղեցիկ պտուղներով ծածկված ծառերին: Աստված շատ ողորմասեր Տեր է, Նա պատրաստ է համբերել ու սպասել, անգամ, եթե մենք շատ քիչ պտուղներ ենք բերում: Բայց, երբ քրիստոնյան ընդհանրապես դադարում է բերել բարի գործերի պտուղներ, այլ միայն չարի փշեր է ծլեցնում, այնժամ Հայրն Աստված ասում է Իր Որդուն` Քրիստոսին. «Ինչու՞ է այս մարդը իզուր տեղ զբաղեցնում երկրի վրա և Եկեղեցում, ավելի լավ չէ՞ այդ տեղը ազատել ուրիշի համար, ով ավելի պտղաբեր կլինի»: Սակայն Տերը` Քրիստոս, Ով մարդացավ և մեռավ մարդկանց փրկելու համար, միշտ բարեխոսում է նրանց համար Իր Երկնավոր Հոր առջև և Իր գթասրտությամբ, կարծես, կասեցնում է Նրա արդարադատությունը:
Նա համոզում է Հորը մի քիչ էլ սպասել, մինչև Ինքը կստեղծի բոլոր պայմանները, որպեսզի մարդը ուղղվի և սկսի պտուղներ տալ: Քրիստոսի բարությունն ու հոգատարությունը երևում են առակի այն դրվագում, երբ այգեպանը ցանկանում էր պարարտացնել հողը թզենու համար: Որովհետև արևելյան երկրներում սովորաբար թզենիները չեն պարարտացնում, այլ թզենիները աճում են ինքնըստինքյան, նույնիսկ ճամփեզրերին: Իսկ եթե այգեպանը ուզում էր այն պարարտացնել, նշանակում է, որ նա իսկապես սիրում էր և խղճում այդ անպտուղ ծառը, այնպես, որ պատրաստ էր անել նրա համար այն, ինչ որ սովորաբար ոչ մեկը չի անում: Այդպես էլ վարվում է Քրիստոս: Նա պատրաստ է ստեղծել մարդու համար հոգևոր աճման բոլոր պայմանները, միայն թե մարդը դարձի գա և պտուղներ բերի: Եթե դրանից հետո էլ նա չի ուղղվում և ոչ մի հույս արդեն չկա, որ կփոխվի դեպի լավը, այնժամ նրան, որպես անպտուղ ծառի, սպառնում է կտրվելը և կրակը նետվելը: Կա այս առակի ամբողջ մարդկությանը վերաբերող ևս մի մեկնաբանություն, որի համաձայն, խաղողի այգին ամբողջ աշխարհն է, տանտերը` Հայր Աստվածն է, այգեպանը` Քրիստոս:
Ինչպես ամեն մարդ անհատ, այդպես էլ ողջ մարդկությունը պիտի այն պտուղները բերի Աստծուն, որոնք Նա է սպասում մարդկանցից` արդարության և սրբության պտուղներ: Քանի դեռ աշխարհը ծնում է սրբերին, այն կանգուն է մնալու: Բայց երբ մարդկության մեջ կցամաքի սրբության և արդարության աղբյուրը, այնժամ Տերը կդադարեցնի այս աշխարհի գոյությունը, քանի որ այն արդեն չի բերելու բարի պտուղներ, այլ միայն չարիքի բազմացմանն է ծառայելու: Եվ այսպես, եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր երկրավոր կյանքի ժամանակը տրված է նրա համար, որ մենք Աստծուն բերենք արդարության և քրիստոնեական կատարելության պտուղներ: Այս նպատակը մենք միշտ պետք է մեր աչքի առաջ ունենանք և հանուն դրա ջանք թափենք: ՈՒրախացնենք դրանով մեր Տիրոջը, անենք ամեն բան Նրան հաճելի լինելու համար, բերենք Նրան պտուղներ առաքինի կյանքի: Եվ այնժամ Տերը մեզ էլ կդարձնի մասնակից հավիտենական երանության, այնժամ և մենք, Ավետարանի խոսքի համաձայն, կմտնենք Տիրոջ ուրախության մեջ, որը վախճան չունի:
Ռուսերենից թարգմանեց Դարբասի հոգևոր հովիվ տեր Ընծա քահանա Միրզոյանը